Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)

SONY DSCSONY DSC18310026_515345418523556_674117482_n1404891361_artsakh6321398896078arcaxarcax-5-2arm14220391115artsakh-d5a1d680d681d5a1d5ad-d5bed5a1d5b6d684dsc039952images (1)imageskashataghKptgv73KUxVqZG4iUJAfgV6XH2????????????????????????????????????002-kataro-vank

Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն, փաստացի անկախ, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Անդրկովկասում։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն էՇուշի քաղաքը։

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից։ Հռչակագրի առաջին կետը ունի հետևյալ ձևակերպումը.

Aquote1.png Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը։ Aquote2.png

Անվանում

Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ»տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։

Պատմություն

Վանի թագավորության ժամանակաշրջանում

Մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում առանձնանում էր Վանի կամ Արարատի թագավորությունը (Ուրարտու)։ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում (Ք.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ։ Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Դիոն Կասիոսի, Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև Արգիշտի Ա-ի՝ Կոտայքում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Ըստ պատմաբան Վ. Բալայանի այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։

Երվանդունիների օրոք

Ք.ա. 4-րդ դարում արդեն Երվանդունիների թագավորության օրոք նույնպես վկայություններ կան, որ հայկական պետության կազմի մեջ էին մտնում Արցախը ևՈւտիքը։ Այդ մասին են փաստում հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնի վկայությունները, որտեղ նա Արցախը ներկայացնում է, որպես Մեծ Հայքի կազմում գտնվող նահանգ՝ Օրխիստինա – Արցախ։

Արշակունյաց հարստության օրոք

66 թվականին Արշակունյաց հարստության շրջանում Արցախը նույնպես գտնվում էր հայկական միասնական պետության կազմում։ Այդ մասին է վկայում հռոմեական կայսր՝ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզը, որտեղ Արցախը Արշակունյաց Հայաստանի առաջատար նահանգներից մեկն է։

Հայաստանի առաջին բաժանումից հետո

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387 թվական) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն նույնիսկ օտար լծի տակ գտնվելով՝ Արցախը շարունակում է պայքարել և պահպանել իր հայկականությունը։ Այդ մասին են փաստում Կորյունի վկայությունները, որոնց համաձայն Մ. Մաշտոցը լուսավորական գործունեություն էր ծավալում Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր Փոքր Սյունիք։ Եվ, ըստ ավանդության, նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում Մեսրոպ Մաշտոցը բացեց իր առաջին դպրոցներից մեկը։ 451թ. օգտվելով Պարսկաստանում սկիզբ առած քաղաքական անկայունություններից՝ Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմն իրեն հայտարարում է թագավորություն։ Հենց Առանշահիկներն էլ կամզակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները, որոնք գլխավորում էր Վաչե Առանշահիկ թագավորը՝ Վարդան Մամիկոնյանի համախոհներից մեկը։ Զորավարի մահից հետո Արցախ աշխարհը պարսկական հետագա ասպատակություններից պաշտպանելու և ազատագրական պայքարների միջոցով անկախություն հաստատելու նպատակով Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ ամուսնացավ Պարսկաստանի թագավոր՝ Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Սակայն 457թ. Հազկերտ Բ-ի մահից հետո, օգտվելով Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներից Վաչեն նորից դառնում է քրիստոնեական-լուսավորչական կրոնին և ապստամբություն բարձրացնում պարսիկների դեմ։ Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում նրա եղբոր որդի Վաչագանը։ Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։ Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում սահմանադրական և կրոնական բարեփոխումներով, տնտեսական և մշակութային կյանքի վերելքով։ Եվ այսպես մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում։ Սակայն ամեն ինչ փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայոց երկիր ներխուժեցին արաբները։

Միջնադար

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում

652թ. Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը։ Սակայն Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից։ Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահակալվեց նրա փեսան՝ Համազասպ Մամիկոնյանը։ Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները՝ այդ թվում՝ Արցախը։ Այդ տարիներին տեղի ունեցած հակաարաբական ընդվզումները վերջնականապես ունեցան իրենց արդյունքը և 885թ. արբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Ա Բագրատունու Մեծ Հայքի նահանգի թագավորությունը։ Այսպիսով, Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և Արցախ աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության կազմում։

Սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ

Ամեն ինչ փոխվեց 11-րդ դարում՝ սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ։ Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման տարիներին սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջանները, սակայն Արցախը դեռ շարունակում է անվնաս մնալ։ 1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերն՝ Ալփասլանի գլխավորությամբ սրի ու գերության մատնեցին Արցախը։ 12-րդ դ. սկզբներից, սելջուկ-թուրքերի կայսրության քայքայմանը զուգընթաց հզորանում էր վրացական թագավորությունը։ Հայ ժողովուրդը, մնալով սելջուկ-թուրքերի գերիշխանության տակ՝ չէր համակերպվում այդ կացության հետ։

Զաքարյանների օրոք

Հայերին անհրաժեշտ էր Վրաստանի օգնությամբ թոթափել սելջուկ-թուրքերի լուծը։ Եվ հայ-վրացական ռազմա-քաղաքական համագործակցության մեջ մեծ դերակատարություն ունեցան վրաց արքունիքում ծառայող հայ իշխանները, հատկապես՝ Զաքարյանների տոհմի ներկայացուցիչները։ 12-րդ դ. 90-ական թթ. նոր թափ ստացավ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը։ Հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրվում էին հայկական տարածքները, որոնց թվում՝ նաև Արցախը։ Սակայն Զաքարյաններին չհաջողվեց միաձույլ կենտրոնաձիգ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով հայոց միասնությունը պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տոհմերի հետ։ Այս ժամանակաշրջանում Արցախում գտվող երեք իշխանությունները՝ Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն, տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։ Վերին Խաչենը (Ծարա), որն ազատագրվել էր Զաքարյանների օգնությամբ ընդունում էր վերջիններիս գերագահությունը։ Միջին Խաչենի կամ Հաթերքի իշխանության տիրույթները ժամանակի ընթացքում բաժանվեցին Վերին Խաչենի և Ներքին Խաչենի միջև։ Վերջինիս իշխանական տան ներկայացուցիչներն Արցախի մյուս իշխանությունների համեմատ առավել մեծ ինքնուրույնություն ունեին։ Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց Հասան-Ջալալիօրոք։ Նման զարգացվածության շնորհիվ երկրամասը նաև քաղաքական անկախություն ստացավ, որն ընդունում էին նույնիսկ վրաց թագավորները։

Արցախը Զաքարյան իշխանապետությանկազմում, 13-րդ դար

7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ՝ Արմինիա կուսակալության կազմում։ Այդ շրջանում լինելով բազմաէթնիկ (Արցախում՝ հայեր, այլ գավառներում՝ աղվանական եւ իրանական ցեղեր ) Աղվանից թագավորության մաս գտնվել է իշխող Միհրանյան տոհմի տիրապետության ներքո։

Մոնղոլական արշավանքների ժամանակ

1221թ. Կոտման (Թոուզ) գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին, որից հետո մոնղոլները սկսեցին ասպատակել Հայաստանն ու Վրաստանը։ Երկրորդ արշավանքի ժամանակ գրավեցին նաև Արցախը։ Եվ չնայած իշխանությունները կորցրել էին իրենց ինքնավարությունը ժողովուդը շարունակում էր համառ դիմադրություն ցուցաբերել։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլները՝ Ղազան խանի օրոք պաշտոնապես ընդունեցին մահմեդականությունը։ Ազգային և սոցիալական ճնշումներին գումարվեցին կրոնական հալածանքները։ 1386թ. Լենկ-Թեմուրը, գրավելով Թավրիզն, անցնում է Արաքսը և մտնում Սյունիք, իսկ այնուհետև նրա զորքերը ներխուժում են Արցախ՝ գրավում Վերին Խաչենը։ Իրավիճակը փոխվեց Լենկ-Թեմուրի մահից հետո, երբ նրա հսկայածավալ պետությունն սկսվեց քայքայվել։ 15-րդ դ. կարա-Կոյունլու տիրակալների իշխանության տակ հայերը համեմատաբար լավ վիճակում հայտնվեցին։ Կարա-Կոյունլուները գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պետական գանձարանը լցնելու կարևորությունը համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխանների նկատմամբ։ Նրանք պետական բարձր պաշտոնների նշանակում էին հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։ Նույն իրավիճակն էր տիրում նաև ակ-Կոյունլու տիրապետության շրջանում։ Այս ժամանակաշրջանում վերականգնվում են Ներքին Խաչենի և Վերին Խաչենի իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։ 14-15-րդ դդ. հայ նախարարական տների զգալի մասը կորցրեց իր ինքնավարությունն՝ այն զիջելով Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան՝ Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և պահպանել երկրամասի պետական ինստիտուտների կենսունակությունը։ Այդ մասին է վկայում կարա-Կոյունլու Ջևանշահի հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։

Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ

16-17-րդ դդ. Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ 1555թ. պատերազմող կողմերն Ամասիայում հաշտություն կնքեցին ։Այսրկովկասն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական երեք միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի բեկլարբեկությունները։1580թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639թ. և ավարտվեցին Կոստանդնուպոլսում կնքված հաշտության պայմանագրով։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ։ Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին։ Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը։

Սղնախների ձևավորումը

18-րդ դ. սկզբներին օգտվելով Պարսկաստանում ներքին երկպառակտություններից ու աֆղանների հետ պատերազմներից Արցախի մելիքներն ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերեցին։ Նրանք հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, ինչը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ շրջանում պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքներին դիմակայելու նպատակով՝ Արցախի մելիքները միավորվեցին և ստեղծեցին զինվորական միասնություն, որը պատմությանը հայտնի է Սղնախներ անունով։ Հայտնի են Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Շուշիի, Բադարա գյուղի մոտակայքում,Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքում, Տող և Տումի գյուղերի սղնախները։ Այդ ժամանակահատվածում ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը համախմբում էին Լեռնահայաստանում պարսկական իշխանությունը վերացնելու համար։ 1723թ. Արցախի սղնախականները ստիպված էին դիմակայելու թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Հայերին հաջողվեց պարտության մատնել թուրքերին և վերջիններս նահանջեցին։ Ամեն ինչ փոխվեց 1726թ.՝ Կ.Պոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո Թուրքիային էին անցնում այսրկովկասյան տիրույթները ներառյալ՝ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևանքաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը։

Մելիքություններ

Արցախի հինգ մելիքությունները

Հայկական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք հետագա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական պայքարի նոր հանգրվաններ։ Նադիր շահը հաղթանակ տարավ թուրքերի դեմ։ Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը ստիպված 1736թ. Էրզրումում հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ։ Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին Արևելյան Հայաստանը (Երևանը, Ղարաբաղը, Նախիջևանը) Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։ Նադիր շահի օրոք և նրա հովանավորությամբ 1735թ. հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան 18-րդ դ. ավարտին։ Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը Տող ավանն էր։ Այս կազմավորումը Դիզակի Մելիք-Եգանիգլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։ Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744թ գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում Փանահ խանը, որի նպատակն էր գրավել լեռնային Արցախը։ Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից։ Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով՝ Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին։ Վարանդայի մելիք՝ Շահնազարը Փանահին նվիրաբերեց Շոշի բերդը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը։ Շուտով Փանահն իրեն հռչակեց խան, և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերիշխանությունը։ Այդպիսով Խամսայի մելիքությունը թուլացավ և սկսեց կործանվել։ 18-րդ դ. վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և 1794թ. Աղա Մուհամմադ խանն իրեն շահ է հռչակում։ Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք օգնեն տապալել Իբրահիմ խանին։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795թ. շահը պաշարեց Շուշիի ամրոցը, սակայն հաջողության չհասավ։ Հետագայում Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա՝ այս անգամ արդեն հաջողության հասնելով։ Նա հաստատվում է Շուշիում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում։

Ռուսական նվաճում

Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ

Աղա Մուհամմադ շահի սպանությունից հետո իշխանության գլուխ է անցնում Ֆաթալի շահը, որը փորձում է ամրապնդել Պարսկաստանի գերիշխանությունը Այսրկովկասում։ Այդ ժամանակաշրջանում ռուս-պարսկական խորացող հակասությունները վերածվում են երկարատև պատերազմի (1804-18013թթ)։ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813 թվականի հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Այդ պայմանագիրը վկայում է, որ Արցախն առանձին ազգային-պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով վերջ է դրվում ռուս-պարսկական պատերազմին։ Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվեց պարսկական լծից։ Սակայն հայերի վիճակը ռուսական լծի տակ ավելի վատթարացավ։

Ռուսական կայսրության տարիներին

1840-1917 թվականներին մի շարք վարչատարածքային բաժանումներ կատարվեցին Ցարական Ռուսաստանի կողմից, որոնց արդյունքում Ղարաբաղը մեկ հայտնվում էր Կասպիական մարզի, մեկ՝ Շամախու նահանգի, մեկ՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո Ժամանակավոր կառավարությունը 1917 թվականի մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտե։ Արդյունքում, Անդրկովկասում ստեղծվեցին երեք ազգային պետություններ՝ Հայաստանի,Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունները։ Իսկ արցախահայերն իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի Ազգային բյուրո։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն։ 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների։ 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլն Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ բնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր։ Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը։ 1919 թվականի օգոստոսին Ղարաբաղը և Ադրբեջանը՝ ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։

Խորհրդային ժամանակաշրջանում

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից։ 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, ըստ որի Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարության կողմից հայտարարվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացած են համարվում։ Ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի սոցիալիստական հանրապետության մաս։ Այդ որոշումը վավերացվեց 1920թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրով։ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա՝ 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս։

ԼՂ բռնակցումն ԱդրԽՍՀ-ին

1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում՝ չպահպանելով նույնիսկ ընթացակարգը։ Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ) կ)՝ առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի, երկրի կարգավիճակը: Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ։ Խորհրդային ողջ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար։ Արցախն Ադրբեջանին անմիջապես բռնակցելուց հետո՝ սկիզբ առավ ազգային-ազտագրական պայքարը։ 1920-ական թթ. Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղը՝ Հայաստանին» միությունը։ 1927թ. նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել՝Ղարաբաղը Հայաստանին նշանաբանով։ 1962թ. Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։ 1962թ. մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմին։ Այսպիսի դիմումները կրում էին պարբերական բնույթ և հղվում էին թե ԼՂԻՄ-ից, թե ՀԽՍՀ-ից։ Միայն Լեռնային Ղարաբաղից Կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։ Փաստորեն, չնայած ԼՂ-ն ապօրինաբար բռնակցվել էր ԱդրԽՍՀ-ին, այն երբեք չէր կորցնում անկախանալու և Մայր Հայաստանին միավորվելու ձգտումը։

1988թ.- Շարժման սկիզբ

1985թ. ԽՄԿԿ ապրիլյան պլենիումի կողմից գորբոչովյան «գլաստնոստի» հռչակումից հետո արցախահայությանը հնարավորություն ընձեռվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորվելու համար։ 1987-1988թթ ԼՂԻՄ-ի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու հանրագիր, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազ. մարդ։ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել ԱդրԽՍՀ՝ ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով։

1989 թվականի դեկտեմբերի 1 որոշումը

1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդն իրենց համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշում։ Միացումը, որի կարգախոսի տակ բարձրացել էր Ղարաբաղյան շարժումը՝ կայացավ։ ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին ընդունված «Համատեղ որոշումը» օրինական է և ընդունելի է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների տեսնակյունից։ Հայտնի է, որ միջազգային իրավունքի՝ «ժողովուրդների ազատ ինքնորոշման» սկզբունքը ՄԱԿ-ը հռչակել է որպես պետությունների ու ազգերի հարաբերությունների կարգավորման համապարտադիր սկզբունք։ Միացման ակտը միջազգային իրավունքի տեսակետից որևէ առարկություն չի հարուցում, մանավանդ, որ խոսքը ոչ թե ինքնորոշման առաջնային ակտի, այլ արդեն ինքնորոշման սուբյեկտ հանդիսացող պետական երկու կազմավորումների մասին է։ Որևէ արգելք չկար նաև ԽՍՀՄ օրենքում, որտեղ նախընթաց տարիներին հանրապետությունների ու ազգային պետական կազմավորումների սահմանների փոփոխության գրեթե երկու տասնյակ դեպք էր արձանագրված ( Կարելոֆիննական միութենական հանրապետությունն, օրինակ, վերակազմավորվել է ինքնավար հանրապետության, իսկ Ռուսաստանի Դաշնության Ղազախստանի ինքնավար հանրապետությանը Կենտրոնից տրվել է միութենական հանրապետության կարգավիճակ)։ ԽՍՀՄ-ի՝ որպես միասնական պետության ներսում տարբեր ազգային կազմավորումների սահմանների փոփոխությունները երբեք չէին կապվել սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հետ։ Դրանք դիտվել են, որպես միութենական դաշնային պետության ներքին գործը նաև իրավական այն հիմքով, որ նման վերակազմավորումներն ու վերաենթարկումները չէին կապվում ԽՍՀՄ-ի՝ որպես միասնական պետության սահմանների փոփոխության կամ նրա տարածքային ամբողջականության խախտման հետ։ «Տարածքային ամբողջականության» սկզբունքը, որը մինչ այդ լրջորեն չէր կիրառվում հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների նկատմամբ, ձեռք բերեց սկզբունքային նշանակություն հենց ԼՂ դեպքում, երբ հայտնի էր, որ այն բռնությամբ է մտցված ԱդրԽՍՀ կազմ և երբ ակնհայտ էր, որ ԱդրԽՍՀ-ում իրագործվում է հանրապետության հայ ազգաբնակչության ցեղասպանություն։ Բայց եթե միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականությանը նույնիսկ տրվեր նման սկզբունքային բնույթ, ապա սահմանադրական արգելք դարձյալ չէր առաջանում, քանի որ խոսքն ինքնորոշման իրավունքի սուբյեկտ հանդիսացող և ԽՍՀՄ ազգային-պետական կառուցվածքի երկու կազմավորումների մասին է։ ԼՂԻՄ-ի վերամիավորումը ՀԽՍՀ հետ չէր հակասում ԽՍՀՄ Սահմանադրության 78 հոդվածին, որ արգելում էր փոփոխության ենթարկել միութենական հանրապետության սահմաններն առանց նրա համաձայնության։ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ ենթադասությանը տալը չէր նշանակի, թե խախտվում է ԱդրԽՍՀ տարածքային ամբողջականությունը։ Հենց դրա հաշվառումով էլ 1988թ. փետրվարին ժողպատգամավորների մարզային խորհուրդը բարձրացել է ՀԽՍՀ հետ միայն մարզի վերամիավորման հարցը, չնայած բոլորը գիտեին, որ Լեռնային Ղարաբաղի հսկայական տարածքներ, որոնք Կովբյուրոյիորոշմամբ պետք է լինեին ԼՂԻՄ կազմում, կամայականորեն դուրս են թողնվել նրա սահմաններից։ ԼՂԻՄ և ՀԽՍՀ բարձրագույն իշխանությունների կողմից վերամիավորման մասին «Համատեղ որոշմանը» հետևեցին ԱդրԽՍՀ պատժիչ գործողությունները։ 1991թ. ապրիլից մինչև հուլիս ընկած ժամակահատվածում ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները՝ խորհրդային բանակի զորքերի հետ մեկտեղ իրականացրին «Օղակ» օպերացիան՝ Արցախի հայաթափման և դրա տարածքին տեր դառնալու համար ձեռնարկված ծայրահեղ գործողություն:

1991թ. սեպտեմբերի 2

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետություն։ Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունը։

Արցախյան ազատամարտ

Հայ ազատամարտիկները մարտական դիրքերում

1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը՝ սկսվեց Արցախյան գոյամարտը։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի,Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5856 զոհ(ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհայտ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ 11557/30հզ. զոհ:  1994թ. ապրիլի 9-ին սկսվեց արցախյան գոյամարտում ԼՂՀ պաշտպանության բանակի հաղթարշավը։ Այդ պայմաններում Ադրբեջանն այլ ելք չուներ, քան զինադադարի պայմանագիր կնքել։ Այդպիսով 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին հրադադարի համաձայնագիր, որը՝ չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր։

Աշխարագրություն

Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Հայտնի է հարուստ և գեղեցիկ բնությամբ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը։

Արցախի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։

Արցախը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։

Բնություն

Արցախի տարածքի շուրջ 35 տոկոսը ծածկված է անտառներով։ Հատկապես բարձրադիր՝ 1.500-2.250 մ բարձրության վրա գտնվող շրջանները։ Հաճախ հանդիպում են նաև հին թթաստաններ, որոնք վկայում են հին ժամանակներում արցախցիների գլխավոր արհեստներից մեկի՝ մետաքսագործության մասին։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։ Դաշտավայրերի կլիման կիսաանապատային է։ Երբեմն հանդիպում են նաև լերկ ժայռուտներ (հատկապես Դիզակում)։ Արցախի կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջեր, եղնիկներ, քարայծեր, լուսաններ և այլն։

Karmir-shuka.jpeg

Կլիմա

Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11 °C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22 °C և +21 °C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0 °C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղենակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23 °C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37 °C և 40 °C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։

Լեռնագագաթներ

  • Գոմշասար 3724 մ
  • Դալի 3616 մ
  • Մռավ 3341 մ
  • Կուսանաց 2832 մ
  • Մեծ Քիրս 2724 մ
  • Դիզափայտ 2476 մ

Խոշոր գետեր

  • Թարթառ (Տրտու)
  • Հագարի ( Հակարի, պատմ.Աղավնո)
  • Խաչենագետ
  • Կարկառ
  • Վարանդա
  • Իշխանագետ

Վարչական բաժանու

Արցախի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչակա-տարածքայնորեն բաժանված է 8 շրջանների։ Մայրաքաղաք Ստեփանակերտընույնպես շրջանի կարգավիճակ ունի։ Շրջանները իրենց հերթին բաժանված են 242 համայնքների։

Արցախի Հանրապետության վարչա-տարածքային բաժանման քարտեզ։ Մուգ գույնով ծածկված տարածքները օկուպացված են Ադրբերջանի կողմից։
Շրջան Բնակչություն (2006) Տարածք (կմ2.)
Ստեփանակերտ 50,400 25.66
Ասկերանի շրջան 17,000 1221.92
Հադրութի շրջան 12,400 1876.80
Մարտակերտի շրջան 18,900 1795.10
Մարտունու շրջան 23,100 951.20
Շահումյանի շրջան 2,800 1829.80
Շուշիի շրջան 4,500 381.30
Քաշաթաղի շրջան 8,600 3376.60

Շահումյանի շրջանը այժմ Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ է և հայ բնակչությունը դուրս է մղված և կազմում է ազատագրված Վայկունիքի գավառը։ Այս ութ շրջաններին մեջ են մտնում նաև ազատագրված յոթը հայկական պատմական գավառները՝ Ճրաքն, Կովսական, Քաշունիք (Աղավնո գետի հովիտ, Քաշաթաղի շրջան)Վայկունիք (Տրտու գետի վերին հովիտը), Ակն (Տիգրանակերտի դաշտակ, նախկին Աղդամի շրջան) և Մուխանք (Արցախի դաշտավայր)։

Բնակչություն

   Արցախի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141..400 մարդ։ Ազգաբնակչության մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։ Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %։ Արցախում տղամարդկանց թիվը կազմել է 68.048 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 73.352 կամ 51.9%։ Արցախի կենտրոն Վարարակնի բնակչությունը կազմում է 52..310 մարդ։

Տնտեսություն

Բնական հումքի հնարավորություններով պայմանավորված՝ Արցախ-Ղարաբաղում ավանդաբար գործել են շերամորդի բոժոժի նախնական մշակման,մետաքսագործության, գորգագործության, գինեգործության, մետաղաձուլության, օղեթորման (թթից և խաղողից) գործատներ, բրուտագործության կետեր, կղմինդրի,սայլերի, կառքերի պատրաստման, կոշիկի, կարի արհեստանոցներ, ձիթհաններ, ջրաղացներ և այլն։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում ֆրանսիացիները դեռևս 19-րդ դարում արդյունահանել են բազմամետաղների հանքանյութ։ Շուշիում գործել է ջրէկ (30 կՎտ)։

Արցախ-Ղարաբաղում բոժոժի վերամշակումն սկսել են 19-րդ դարի 60-ական թվականներին։ Մինչև 1918 թվականը երկրամասում գործել են մետաքսաթելի 36 և թելի ոլորման 10 գործատներ։ Արտադրած մետաքսաթելն սպառվել է Ռուսաստանում ու Ֆրանսիայում, իսկ գորգերը՝ Պարսկաստանում և այլուր։ 1879 թվականինՖիլադելֆիայում (ԱՍՆ) կազմակերպված միջազգային տոնավաճառում Ղարաբաղի մետաքսն արժանացել է արծաթե, իսկ 1882 թվականի Մոսկվայի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի։ 19-րդ դարի վերջին Ղարաբաղի մետաքսաթելից գործվել են Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության կարևոր ճյուղերն էին հացահատիկային տնտեսությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը։ Մշակվել են նաև բրինձ, ձիթատու վուշ, սիսեռ, կարտոֆիլ և այլն։ 1805 թվականին Ղարաբաղը, ինքնակամ ընդունելով Ռուսաստանի տիրապետությունը (հաստատվել է 1813 թվականիԳյուլիստանի պայմանագրով) և գտնվելով Ռուսաստանի կայսրության վարչաքաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգում, զարգացել է կայսրության ծայրամասային շրջաններին բնորոշ հաստատության օրինաչափություններով։ Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 թվական), անղրկովկասյան ազգերի անկախացումն ու ազգամիջյան հակամարտությունների սրումը նոր անկախացած երկրների տնտեսությունը հասցրել են քայքայման եզրին։ Մեծ չափով տուժել է նաև Արցախ-Ղարաբաղի տնտեսությունը։ Խորհրդայնացումից հետո պահանջվել է մի քանի տասնամյակ, որպեսզի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստացած ԼՂ-ն իր մակրոտնտեսական ցուցանիշներով մոտենար 1915-1916 թվականների մակարդակին։

Տրանսպորտ

Գանձասար — «XIII-րդ դարի հայկական ճարտարապետության հանրագիտարանը» (Ա. Յակոբսոն):

Արցախի և Հայաստանի միջև սահմանը բաց է և երթևեկությունը երկկողմանիորեն ազատ է։ Հայաստանի Հանրապետությունից՝ Գորիս քաղաքից A 312 մայրուղին անցնելով Բերձոր, ապա Շուշի քաղաքներով, միանում է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Նախատեսվում է վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, որով Արցախը օդային կապ կունենա Երևանի հետ։

Տուրիզմ

 Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիները կարող են երկիր այցելել առանց անցագրի։ Այլ երկրների քաղաքացիները պարտավոր են անցագիր ունենալ, որը հեշտությամբ կարելի է ստանալ հենց սահմանում, այլև Երևանում,Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և այլուր Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում։

Պետական կառուցվածք

Ազատ Արցախ.JPG

Արցախի փողոցը Ուոտերթաունում,Մասսաչուսեթս նահանգ, ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչել են մասամբ ճանաչված պետություններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունները, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունը ։

Ավստրալիայի բնակչությամբ ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը, նույնպես ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման կոչ (ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին) պարունակող ռեզոլուցիաներ ընդունել են ԱՄՆ մի քանի նահանգների օրենսդրական մարմինները՝ Ռոդ-Այլենդ, ՄասսաչուսեթսՄեն, Լուիզիանա և Կալիֆորնիա։

ԼՂՀ անկախության ճանաչման նախագիծ ՀՀ Ազգային ժողովում

2014 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեցին 8 պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության բոլոր 5 պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան, Միքայել Մանուկյան, Արծվիկ Մինասյան), «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ձեռնպահ քվեարկեց։ Բոլոր մյուս պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել, որի արդյունքում նախագիծը չընդունվեց։ Նախագծով նախատեսվում էր պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը և բացառել այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը ԼՂՀ (Արցախ)-ի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմաններին, ինչպես նաև երկու այլ դրույթներ։ Նախկինում ևս «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջարկվել են ԼՂՀ անկախության ճանաչման նախագծեր, որոնք նույնպես մերժվել են Ազգային ժողովի կողմից։

Загрузка карты
View
Нормальный Midnight Family Fest Open dark Riverside Ozan
My Location Fullscreen