Երևան

800px-Erevan_-_La_Mosquée_bleue_01800px-Hands_of_Amity_05800px-Yerevan_coll_mix1024px-Armenia_Museum_of_Art_and_History1024px-Armenian_Genocide_Memorial_-_Yerevan_(2903020364)1024px-Matenadaranat_night1024px-Yerevan_Ararat_by_Nerses1024px-Օպերայի_և_բալետի_պետական_ակադեմիական_թատրոն2014_Erywań,_Katedra_św._Grzegorza_Oświeciciela_(05)Church_in_NoragyughDavid_of_Sasun_YerevanHrazdan_Stadium_2013,_YerevanKev_MuniKhachqar_in_front_of_St._Zoravar_Astvatsatsin_church_9152218_29Lovers_Park_Yerevan_ArmeniaSt.SarqisYerevan_coaYerevan_State_UniversityՄարզահամերգային_ՀամալիրՆորքի_Սբ._Աստվածածին_եկեղեցիՍահմանադրական_դատարանՍուրբ_Երրորդություն_եկեղեցի_(2)Վերածնված_Հայաստան_քանդակ_2

Երևան, Հայաստանի մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ։ Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում։

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը։Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում։ 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։

Պատմություն

Խալդի աստվածի պատկեր, Էրեբունի ամրոց, վերակառուցում

Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին արձանագրության սեպագրի պատճեն

Թեյշեբաինիի բերդը. վերականգնված տեսք

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5-6 հազար տարի առաջ:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով։

Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքինՄանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք։

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

Հիմնադրումը

Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է.

Արգիշտին այստեղ է բնակեցնում 6600 հայ զինվորների՝ իրենց ընտանիքներով։ Մեկ դար անց Ռուսա Բ արքան Հրազդան գետի ափին՝ Երևանի հարավային մասում, հիմնադրում է մի նոր բերդաքաղաք, որը Վանի թագավորության Թեյշեբա աստծու անունով կոչվեց Թեյշեբաինի։ Այն նշանավոր ռազմական կենտրոն էր տերության հյուսիսային հատվածում, ուներ միջնաբերդ, քաղաքային թաղամասեր։ Բերդից հարավ տնկվել էին խաղողի այգիներ։ Թեյշեբաինին ավերվել է սկյութների կողմից Վանի թագավորության կործանման տարիներին՝ մ.թ.ա. 585 թվականին։

Աքեմենյան շրջան

Պերսեպոլիսի բարձրաքանդակներ. հայի պատկերը

Աքեմենյանների (հին պարսկ.՝ Հախամանիշտիյա) կամ Արյաց Տերությունը (մ.թ.ա. 553 – 330) Հին Աշխարհի աշխարհակալ պետություններից էր։ Նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելովՀիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը ևԿովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելովԱրաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։ Նրա մահից հետո գահին են բազմում իր ժառանգները՝ Աքեմենից և նրան ազգակից Արշամից ու Արի-Արամից ծագած գահատոհմը։

Հայաստանն այս պետության մեջ մտնում էր որպես 13-րդ սատրապություն։ Հետագայում այն բաժանվում է 2՝ հյուսիսային ու հարավային հատվածների, համապատասխանաբար Էրեբունի և Վան կենտրոններով։ Այսպիսով՝ Էրեբունին կրկին դառնում է վարչաքաղաքական կենտրոն։ Բերդում գտնվել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ.թ.ա. 478 թվականին, ինչը վկայում է այստեղ կատարված միջազգային առևտրի մասին։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո Հայաստանը վերականգնում է իր անկախությունը, և պետության կենտրոնը վերջնականապես տեղափոխվում է Արարատյան դաշտ։

Հայոց թագավորության շրջան

Ավանի տաճարի ավերակները. 5-րդ դար

Մ.թ.ա. 330 թվականին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը։ Դեռ 6-րդ դարում հիմնված Երվանդունիներիթագավորական տոհմը (մ.թ.ա. 580 – 201) վերստին բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիս Արտաշեսյաններիդինաստիան (մ.թ.ա. 190 – 1)։ Հայ թագավորները հրաժարվում են պարսկական նախկին վարչական կենտրոններ Վանից ու Էրեբունուց։ Հայոց պետության կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտ։ Էրեբունուց ոչ հեռու կառուցվում են մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, իսկ Արշակունիների հարստության (66 – 428) ժամանակ՝Վաղարշապատը և Դվինը։ Էրեբունին վերջնականապես զրկվում է վարչաքաղաքական կենտրոնի կարգավիճակից։

Հայոց թագավորության շրջանում Երևանի մասին հիշատակում եղել է միայն 3-րդ դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության՝ Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Արաբական շրջան

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, 5-րդ դար

7-րդ դարում Արաբական թերակղզում ստեղծվում է Արաբական խալիֆայությունը։ Այն հիմնվում է արաբների ընդունած նոր կրոնի՝ իսլամի շնորհիվ, և արագորեն դառնում աշխարհի՝ մինչ այդ եղած պետություններից ամենախոշորն ու զարգացածը։ 658թվականին արաբները գրավում են Երևանը։ Իսկ 850 թվականին Հայոց իշխան, ապագա թագավոր Աշոտ Բագրատունինազատագրում է Երևանը Դվինի ամիրայի զորքերից և միացնում իր կալվածքներին։ Այդ ժամանակ էլ կառուցվում է Երևանի նոր բերդը՝ Հրազդան գետի ափին։ Երևանը սկսում է զարգանալ որպես հայկական միջնադարյան քաղաք։

Թյուրքական ցեղերի շրջան

Երևանի բերդ

11-րդ դարում Մերձավոր Արևելք են թափանցում թյուրքական զանազան ցեղեր՝ սելջուկները, մոնղոլները, թաթարները, ավելի ուշ՝թուրքմենները և օղուզները։ Զաքարյան իշխանները Վրաց թագավորության շնորհիվ ժամանակավորապես ազատագրում ենԱրևելյան Հայաստանը, բայց թյուրքական ցեղերը թողնում են իրենց անդառնալի հետքը. Հայաստանի խոշոր քաղաքները ամայանում են կամ կործանվում։

Թուրքմենական կարա-Կոյունլու ցեղերը միավորված էին Ամիր-Սաադի իշխանության ներքո։ Նրանք իրենց ցեղապետի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ։ 14-րդ դարի վերջերին նրանք հիմնեցին Երևանի կուսակալությունը, որը Ամիր-Սաադի անունով հայերը կոչեցին Սաադի փոս կամ Սահաթափոս, իսկ օտարները՝ Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ։ Այս անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ՝ թարգմանվելով որպես «Երջանիկ հովիտ»։ Կարա-Կոյունլուներին փոխարինելու եկան ակ-Կույունլու ցեղերը։ Բառացի նրանց անունները թարգմանվում էին որպես «սև և սպիտակ ոչխար արածեցնողներ»։

Երևանը՝ վարչաքաղաքական կենտրոն

Ժան Շարդեն, Երևանը 1672 թ.

Հայ ժողովուրդը 15-րդ դարից սկսած զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375թ. կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը։ Անկում էին ապրել Բյուզանդական կայսրությունն ուՎրացական թագավորությունը, ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները,Արծրունիներն ու Սյունիները։ Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում: Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայոց պետականության մնացորդները՝ մանրումիջին իշխանությունները, որոնք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը սելջուկների, մոնղոլների,թուրքմենների դեմ։ Դարի թերևս միակ նշանակալի իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ, և եկեղեցին սկսեց համախմբել հայ ժողովրդին իր շուրջ։ 1440 թվականից Երևանը դառնում է Հայաստանի վարչաքաղաքական, առևտրական և արհեստագործական կենտրոն։

1582-1583 թվականներին օսմանյան հրամանատար Ֆարհադ փաշան գրավում է Երևանը և Հրազդանի ափին կառուցում Երևանի բերդը՝ շուրջ 1000-ամյա հայկական ամրոցի հիմքերի վրա։ Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր՝ շուրջ 800 տուն։ Երևանի բերդը հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչության համար։ 1604թվականին Երևանը կրկին անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Ամիրգունա խանի (1604-1628) օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրոդ գիծը։ 1603-1604 թվականներինՇահ-Աբբասի իրականացրած հայերի բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել։ 300,000 բռնագաղթված հայերի փոխարեն վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը չէր հասնում 100 հազարի։

17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ 1724 թվականին թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան, որի ժամանակ պաշարում են նաև Երևանի բերդը։ Հայերը հերոսաբար պաշտպանվում են , սակայն, երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում բերդի դարպասները։ Թուրքերը հաշվեհարդար են տեսնում բերդաքաղաքի փոքրաքանակ հայության հետ և վերացնում Երևանի կուսակալությունը։

Երևանի խանություն

Երևանի բերդը 1796 թ.

Խանի մզկիթը

Երևանի խանությունը (պարս․՝ خانات ایروان‎ — Khānāt-e Īravān) միջնադարյան կալվածատիրական կիսաանկախ իշխանապետություն էր 1747-1828 թվականներին։ Նրա տարածքը կազմել է շուրջ 19,500 կմ²՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատնահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը։ Հերթական թուրք-պարսկական պատերազմից հետո՝ 1603-1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով հայաթափված Երևանի նահանգ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրանում են հայկական բնակավայրերին, այլև վերանվանում են դրանք։

Երևանի խանությունը կիսաանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները։ Այն բաժանված էր 15 մահալների՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ), Արտաշատի(Գառնիբասար), Ծաղկաձորի (Դարաչիչակ), Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի, Սուրմալուի և այլն։ Մահալներում կային մյուլքադար–հողատերեր՝ խաներ, բեկեր, հայ մելիքներն ու հայկական եկեղեցին։ Երևանի խաները հիմնականում թյուրքական ծագում ունեցող իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին։

Երևանի բերդը արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով ու հողե պաշտպանական շերտով, ուներ երկու մզկիթ, բաղնիք և շուկա։ Այստեղ էր գտնվում նաև Սարդարի նշանավոր պալատը։ Զբաղեցրել է 7 հեկտար տարածություն՝ ամրացված 10,5-12 մետր բարձրութամբ երկշարք պարիսպներով [31]։ Երևանի բերդը կանգուն է մնացել ավելի քան 3 դար՝ իր մզկիթների ու եկեղեցիների հետ միասին ավերվելով 1920-ական թվականների վերջին։ Երևան քաղաքն առանձին վարչական միավոր էր, որը կառավարում էր խանի նշանակած դարուղան (ոստիկանապետը)։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Երևանի թաղերի կարգ ու կանոնի պահպանումը, հարկերի բաշխումն ու հավաքումը իրականացնում էին թաղային ավագները՝ մելիքները։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։

Հայկական մարզ

Երևանի բերդի գրավումը 1827 թվականին

Պարսկահայերի ներգաղթը 1828-30 թվականներին

Հայկական մարզը 1828 – 1840 թվականներին, (ռուս.՝ Армяская область) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Նրա տարածքը կազմել է շուրջ 21.000 կմ² և զբաղեցրել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել հայկական Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գանձակը, Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) ևՋավախքը (Ախալքալաք)։

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, 1603-1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով պարսիկները խանության բնիկ հայ բնակչությանը գերեվարել էին Պարսկաստան։ Ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրեցին Երևանի բերդը, խանության 100.000 հպատակներից միայն 23.000-ն էին ազգությամբ հայ։ Հարևան Նախիջևանի խանությունում 50.000 բնակչից հայեր էին ընդամենը 12.000-ը։ Միայն Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։

1828-1830 թվականներին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին կազմակերպում են հայերի հայրենադարձությունը Ռուսական կայսրության հայկական գավառներ։ Հայաստան են ներգաղթում Իրանից 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում, իսկ մնացածները՝ Ռուսական կայսրությանը հպատակ հայկական Ջավախքի, Սյունիքի, Արցախի, Գարդմանի գավառներում։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են ներգաղթում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Ավելի ուշ Հայկական մարզի տարածք են ներգաղթում նաև հազարավոր ռուսներ։ Ռուսական կայսրության հայկական գավառներից արտագաղթում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Անդրկովկասում հայերի ընդհանուր թիվը հասնում է 300.000-ի։ Երկար դարեր անց, հայերը վերջապես կարողանում են հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։

Երևանի նահանգ

Երևանի հին շուկան՝ Ղանթար

Երևանի նահանգը (1828 -1840), (ռուս.՝ Эриванская губерния) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում: Նրա տարածքը կազմել է շուրջ 28,000 կմ²՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ 1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգը Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի հետ միացվել է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս՝ Երևան մայրաքաղաքով։

Երևանի Աստաֆյան, այժմ՝Աբովյան փողոցը

Երևանը արևելյան քաղաք էր՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով, եկեղեցիներով ու մզկիթներով։ Երևանի փողոցների լայնությունը չէր գերազանցում 3-4 մետրը։ Երկու կողմերով անցնում էին առուներ։ Քաղաքը ուներ մի շարք հայտնի քաղաքամասեր՝ բուն քաղաքը՝ Շահարը (պարս․՝ شهر քաղաք), շուկան՝Ղանթարը (պարսկերեն՝ կշեռք), Կոնդը կամ Ծիրանի թաղը, Ձորագյուղը, Նորքը, Շեն թաղը, Բուլվարը, Բերդը և այլն։ 1832թվականին բացվել է Երևանի գավառական, 1837 թվականին՝ հոգևոր թեմական դպրոցները, 1850 թվականին՝ իգական ուսումնարանը։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը։ 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց։ 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը, իսկ 1881 թվականին՝ Երևանի ուսուցչական սեմինարիան, այժմ՝ ԵՊՀ մասնաշենք։ 1881 թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու,1892 թվականին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները։ 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1899 թվականին գործարկվում է Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին։ Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը։ Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ։1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից։ Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանի բնակչությունը անցավ 35,000-ը։

Երևանը՝ մայրաքաղաք

Հայաստանի Առաջին Հանրապետություն

Կաթողիկոսը ողջունում և օրհնում է հայ կամավորներին

ՀՀ 1–ամյակի տոնակատարությունը

1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։

1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով վերջինս ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։ Դրանով վերականգնվեցին ՀՀ սահմանները՝ ներառելով Երևանի նահանգը ամբողջությամբ, Կարսի մարզի մեծ մասը, Ելիզավետպոլի նահանգի լեռնային շրջանները՝ Սյունիքը,Արցախը և Տավուշը, Թիֆլիսի նահանգի հայկական տարածքները՝ Ախալքալաքը և Լոռին։

Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում են հյուպատոսարաններ։ Երևան բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից։ Նրանց մի մասը գաղթականներ էին։ 1919 թվականին բացվում է Երևանի պետական համալսարանը։ Բազմաթիվ սփյուռքահայեր իրենց պատրաստակամությունն են հայտնում ներդրումներ կատարել նորանկախ Հայաստանում, իսկ ոմանք կտակում են իրենց ունեցվածքը։ 1920 թվականինՄոսկվայում սկսվել էին հայ-ռուսական բանակցությունները։ Հոկտեմբերի կեսին, թուրք-հայկական պատերազմի ժամանակ, Երևանում սկսվեց բանակցությունների երկրորդ փուլը։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը, որի նախագծով Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թվականի սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Հայաստանը պարտավորվում էր հրաժարվելՍևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա։ Սակայն հոկտեմբերի 31-ին հայկական զորքը առանց դիմադրության թուրքերին հանձնեց Կարսը։

Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ) Սարգիս Կասյանի նախագահությամբ և Կարմիր բանակի ուղեկցությամբ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) ու հայտարարեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը խորհրդայնացվեց։ Նույն օրը սակայն, Ալեքսանդրապոլի պայմանագրով Ալ. Խատիսյանի գլխավորությամբ հայկական կողմը պաշտոնապես հրաժարվեց Սևրի պայմանագրից և Թուրքիային զիջեց Կարսի մարզը և Շիրակը։

Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը։ ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին Երևանը գեղեցկացնել և աշխարհի այլ մայրաքաղաքների շարքում իր անունն առանձնացնել։ Սարգիս Կասյանի օրոք՝ 1920-1921թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։ Ալեքսանդր Մյասնիկյանիհրավերով Հայաստան են տեղափոխվում և Երևանում բնակություն հաստատում նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտորԱլեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և շատ ուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծի նախագծումը։

1921 թվականին կազմակերպվեց «Արարատ» տրեստը, որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ 1924թվականին հրապարակվեց ՀԽՍՀ կառավարության որոշումը մայրաքաղաքում կառուցվող կենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի անունով կոչելու մասին: Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարանում բացվեցին նոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ 1926-1927 թվականներին շարք մտան մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1933 թվականին սկսվեց կաուչուկի գործարանի շինարարությունը, որը դարձավ ԽՍՀՄհարվածային կառույցներից մեկը։ 1936 թ. կառուցվեց Քանաքեռգէսը։ Երևանում ստեղծվեց ժամանակակից քաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների, դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։

1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, 1933 թվականից սկսած՝ պոլիտեխնիկական,թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտները։ 1935 թվականին բացվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը, որի հիման վրա Հովսեփ Օրբելին և մի շարք հայ գիտնականներ 1943 թվականին պետք է ստեղծեին ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան։

1941 թվականի հուլիս-օգոստոսին հազարավոր երևանցիներ մեկնեցին բանակ։ Երևանում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ և 261-րդհայկական հրաձգային դիվիզիաները։ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան, որին Թամանյան թերակղզու ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար ԽՍՀՄ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով 1943 թվականին շնորհվեց «Թամանյան» տիտղոսը, Գրոզնու մատույցներից հասավ Բեռլին։ Քաղաքի տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերին, շատ ձեռնարկություններ անցան ռազմական արտադրանքի թողարկման։ Ավելացավ քիմիական, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Պատերազմի ժամանակ շատ ընտանիքներ Երևան էվակուացվեցին Լվովից, Մինսկից, Լենինգրադից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարից, Արմավիրից, այլ քաղաքներից։

Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացի ռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին մի կամուրջ, որը կոչվեց Հաղթանակի։ Ռազմագերիները կառուցել են նաև Արարատ կոնյակի գործարանի շինությունները, և այլ կառույցներ։ Երևանում բացվում է Հաղթանակի այգին, որտեղ նախ տեղադրվում է Ստալինի արձանը, ավելի ուշ փոխարինվում էՄայր Հայաստանի արձանով։

Հետպատերազմյան շրջանում բուռն թափով շարունակվեց Երևանի զարգացումը։ Շահագործման հանձնվեցին նոր ձեռնարկություններ, որոնց արտադրանքն իր նշանակությամբ հաճախ դուրս էր գալիս ոչ միայն հանրապետության, այլև ԽՍՀՄսահմաններից։ Շարք մտան էլեկտրաճշգրիտ սարքերի, Քանաքեռի ալյումինի (ԿԱՆԱԶ), «Պոլիվինիլացետատ», ֆրեզերային հաստոցների, հիդրոհաղորդակ, մետաղակերամիկայի, պոլիպլաստ, գեղարվեստական ժամացույցների, քիմիական ռեակտիվների, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, տնաշինական կոմբինատները, կահույքի ֆաբրիկան, մետաքսի կոմբինատը, դաշնամուրի ֆաբրիկան, մի քանի տասնյակ այլ ձեռնարկություններ։ Արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ ընդլայնվեց նրա էներգետիկ բազան. Աթարբեկյանգէսի և Երևանի 2-րդ հիդրոէլեկտրակայանի գործարկմամբ ավարտվեց Սևան-Հրազդան կասկադը։ Այնուհետև սկսեցին գործել Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները։ 1959-1960 թվականներին կառուցվեց Աղստաֆա-Երևան գազամուղը, և բնական գազը Ադրբեջանից հասավ Հայաստանի մայրաքաղաք։

1965 թվականին Երևանում կազմակերպվեց բազմահազարանոց բողոքի ակցիա, ցույց՝ Հայոց Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Սա իր բնույթով եզակի հանրահավաք էր և նախադեպը չուներ ԽՍՀՄ պատմության մեջ։ Որոշ ժամանակ անց ավարտին հասցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը։ 1968թվականին մեծ շուքով նշվեց Երևանի 2750-ամյակը։

1978 թվականին ծնվեց Երևանի միլիոներորդ բնակիչը։ Այդ ժամանակ աշխարհում մեկ միլիոն բնակչությամբ շատ հազվագյուտ քաղաքներ կային։ Հրապարակում բացվեցին երգող շատրվաններ, որոնք երկրորդն էին աշխարհում՝ Փարիզից հետո։ Կառուցվեցին Երիտասարդական պալատը, Զվարթնոց օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, վերակառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին, նոր շուք ստացավ Լենինի հրապարակը։

Հայաստանի Երրորդ Հանրապետություն

ՀՀ Ազգային ժողով

ՀՀ նախագահի նստավայր

ՀՀ կառավարության շենքը

ՀՀ Սահմանադրական դատարան

Արցախի հայությունը 1988 թվականին ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց՝ նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախերկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ։ Երևանում սկսվեցին համազգային ցույցեր ու հանրավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության։ Ադրբեջանը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ու շրջափակումը չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ազատագրելու իրենց հայրենիքի մի մասը՝ Արցախը։

1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվե անցկացնող հանձնաժողովի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, տեղակալները՝ նախարարների խորհրդի առաջին տեղակալ Գևորգ Վարդանյանը և պատգամավոր Տեր Հուսիկ Լազարյանը, քարտուղարը՝ պատգամավոր Խաչատուր Բեզիրջյանը։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը (2.43 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 94.4 %) «այո» ասաց քվեարկության դրված հարցին՝ «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»։ Հանրաքվեի արդար ու թափանցիկ անցկացնելու վերաբերյալ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25 երկրներից։

Սրանով ծնունդ առավ Հայաստանի երրորդ հանրապետությունը, որպես Հայաստանի առաջին (1918-1920) և երկրորդ (խորհրդային՝ 1920-1991) հանրապետությունների ժառանգորդ։ Անկախացումից հետո երկիրն ուներ մի շարք խնդիրներ՝ քայքայված տնտեսություն, ավերիչ երկրաշարժից մնացած ավերակներ ու զանգվածային մարդկային զոհեր, ինչպես նաևԱրցախի հարցը։

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ, որի արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ (83 %), Հայաստանի Հանրապետության Նախագահընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։

Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ ճգնաժամը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առջև։

1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին[39]։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։

Պատերազմական ժամանակաշրջանում Երևանը կրեց զգալի կորուստներ. շարքից դուրս եկավ տնտեսությունը, պակասեց բնակչության թիվը։

Աշխարհագրություն

Հրազդանի ձոր

Սիրահարների այգու մի հատված

Մաշտոցի պողոտան

Դիրք

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում։ Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելքում՝ հյուսիսային լայնության 40° 04′-40° 14′ և արևելյան երկայնության 44° 23′-44° 37′ միջև, երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 7-8-բալլանոց սեյսմիկ և չորրորդ ժամային գոտիներում։ Առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։

Երևանը ժամանակին մտել է Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի ևԱրմավիրի մարզերին։

Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկ թաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր։ Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա համայնքներում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք համայնքները։ Հանրապետության հրապարակը գտնվում է ծովի մակարդակից ուղիղ 1000 մետր բարձրության վրա։

Ժամային գոտի

Երևանը, ինչպես և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, գտնվում է Գրինվիչի զուգահեռականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Դա նշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնում առավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսում կեսգիշեր է՝ 01.00։

Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից Երևանի ժամանակը նմանեցվել է Մոսկվայի ժամանակին և դարձել է անփոփոխ ՀՀ համապատասխան օրենքի փոփոխությամբ։

Ռելիեֆ։ Բուսական և կենդանական աշխարհ

Երևանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Երևանի առջև Արարատ լեռան տեսարանն է, իսկ հյուսիսում վեր է խոյանում Արագածը. այսպիսով, Երևանը թուրքական սահմանից հեռու է ընդամենը քսանհինգ կիլոմետր։ Արևելքում Գեղամա լեռներն են, Սևանա լիճը։ Քաղաքից արևմուտք և հարավ սփռված է ընդարձակԱրարատյան դաշտը։ Դարեր շարունակ Երևանի կլիման եղել է անապատա–կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ Ջրային հիմնական աղբյուրը լեռնային գետերն էին։ Դրանց շնորհիվ Արարատյան դաշտի բնակչությունը ստեղծել էր այգիներ ու ցանքատարածություններ՝ վերակենդանացնելով այդ տարածքները։ Ամենուրեք առկա էին լքված քարային տարածքներ, որտեղ բազմացել էին օձերը, սարդերը, կարիճները, շատ էին փշածածկ տարածքները։

Վերջին դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնակարգված ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնել մայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ։ Մշակվում ու բարեկարգվում են հողային տարածքների, և վերածվում այլ տիպի՝ կուլտուր–ոռոգելի։ Երևանի մերձակայքում հիմնվում են լճակներ, որտեղ զբաղվում են ձկնաբուծությամբ։ Քաղաքին նոր շուք են տալիս բուսաբանական ու կենդանաբանական այգիները։ Կանաչապատվում են նաև բակային տարածքները, տնկվում են հիմնականում բարդի և կաղնի, ինչպես նաև պտղատու ծառեր։ Երևան են բերվում եղևնիներ ուսոճիներ։ Ծառատեսակներ են բերվում նաև արտասահմանից. դրանցից էր, օրինակ, ռուսական չերյոմուխա ծառը, որի անունով էլ կոչվել է Աջափնյակ համայնքի մի մասը։ Բազմազան է դարձել կենդանական աշխարհը, քաղաքային կյանքին սովոր բազմապիսիթռչուններ են հայտնվել Երևանում։

Կլիմա

Երևանը գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները ցուրտ են, երբեմն՝ ձնառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Տեղումների հիմնական մասը գալիս է գարնանը, մասամբ՝ աշնանը։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումների սակավությանը զուգահեռ՝ շատ են արևային ժամերը, երկինքը պարզ է հիմնականում ամբողջ տարին։ Մառախլապատ կամ ամպամած եղանակը, հատկապես մայիս–սեպտեմբեր ամիսներին, հազվադեպ երևույթ է։

 

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Երևանում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 19,5 19,6 26,0 35,0 34,2 38,6 41,6 41,8 40,0 34,1 28,5 18,1 41,8
միջին առավելագույնը (°C) 0,6 3,7 11,7 19,5 24,3 29,6 34,0 33,0 29,0 20,7 12,1 4,5 18,5
միջին ջերմաստիճանը (°C) -4,1 -1,3 5,6 12,9 17,2 22,0 26,2 25,3 21,1 13,2 6,0 -0,2 12,0
միջին նվազագույնը (°C) -7,8 -5,3 0,3 6,9 10,8 14,7 18,8 17,8 13,3 7,0 1,4 -3,6 6,2
բացարձակ նվազագույնը (°C) -27,6 -26,0 -19,1 -6,8 -0,6 3,7 7,5 7,9 0,1 -6,5 -14,4 -27,1 -27,6
տեղումների քանակը (մմ) 22 25 30 37 44 21 9 8 8 27 23 23 277

 

Ջրային տարածքներ

Երևանի Ջրաշխարհը

Հաղթանակ կամուրջը

Երևանի կենտրոնով հոսում է Հրազդան գետը՝ իր սելավաբեր և տարանցիկ Գետառ, Ջրվեժ, Ողջաբերդ, Մուշաղբյուր վտակներով։ Ներկայումս դրանք վերցվել են արհեստական հուների մեջ և սելավներից ու հեղեղումներից վնասազերծվել։ Կառուցվել ենԵրևանյան լճի, «Հաղթանակ» զբոսայգու և այլ ջրամբարներ[12]։ Երևանում կան նաև այլ արհեստական կամ բնական լճակներ, որոնց մի մասը սնվում է ստորգետնյա արտեզյան ջրերից։ Ջրաֆիկացված է ամբողջ քաղաքը. աշխարհի շատ եզակի քաղաքներ են, որ ունեն այդպիսի մաքուր խմելու ջուր։ Գառնու և Ապարանի բարձունքներից խողովակներով Երևան հասնող ջուրը օգտագործվում է ոռոգման, ինչպես նաև՝ քաղաքի շատրվանների, արհեստական լճակների համար[40]։ Երևանում կարելի է հանդիպել եզակի երևույթի. գրեթե ամեն բակում կան քաղցրահամ մաքուր ջրով ցայտաղբյուրներ։ Դրանք կարելի է համարել նաևքանդակագործության նմուշներ։

Երևանի տարածքում բնական ջրավազանների (Հրազդան, Գետառ, Ջրվեժ) աղտոտման հիմնական պատճառը տնտեսաֆեկալային և արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ ոչ բավարար մաքրված, ինչպես նաև հարակից տարածքներից անկազմակերպ արտահոսքերով (հալոցքային, անձրևների և ոռոգման ջրեր) աղտոտումն է։

Գետերն են լցվում նաև քաղաքի բոլոր հոսքաջրերը, իսկ նրանց ավազանի մաքրությունը քաղաքի հրատապ բնապահպանական խնդիրներից է։ Դեռևս բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բաց ջրավազան ելք ունեցող կոյուղատար խողովակների միջոցով կեղտաջրերը հեռացնում են առանց մաքրման և համապատասխան թույլտվությունների։

Երևանի ներկայիս (2012) 33 ջրավազաններից առավել կարևոր նշանակություն ունի Երևանյան լիճը, որը շահագործման է հանձնվել 1967 թվականին։ Ավելի քան 40 տարվա ընթացքում լիճը հիմնովին չի մաքրվել։ Գետերով այնտեղ է լցվում հսկայական քանակությամբ կենցաղային և շինարարական աղբ, բերվածքների և թափոնների կուտակման հետևանքով ջրամբարի օգտագործման ծավալը գրեթե կիսով չափ նվազել է։

Շրջակա միջավայր և օդային ավազան

«Վերածնված Հայաստան» քանդակ

Երևանին, բոլոր խոշոր քաղաքների նման, բնորոշ են մթնոլորտի, օդի և ջրի ավազանների մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։

Երևանում առաջին հասարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են«Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները և այլն։ 1990 թվականին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 11,4%-ը. նախատեսված էր 40%։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ²/մարդ) 1,2 միլիոն բնակչություն (1986) ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ տարածք, մինչդեռ Երևանում այն 3 անգամ պակաս է ընդունված չափանիշից։ Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք՝ 38 հա-ն՝ լիակատար, 132 հա-ն՝ համատարած, 300 հա-ն՝ մասնակի կորուստներով։ 1995 թվականին քաղաքի ընդհանուր՝ 20 հզ. հա տարածքից ծառածածկ էր 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 7,3%։

2004 թվականին քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք՝ 60% միջին ծառածածկով (342 հա), կանաչապատման աստիճանը՝ 1,55%։ 2005-2007 թվականներին վերակառուցվել Է շուրջ 120 կմ ջրագիծ, որը մայրաքաղաքում կանաչ տարածքների համեմատաբար լիարժեք պահպանման և հետագայում ավելացման լավ նախապայման Է։

2005-2007 թվականներին Երևանում տնկել են 110 հզ. ծառ և 162 հզ. թուփ՝ 65-70% կպչողականությամբ։ Տրանսպորտովծանրաբեռնված պողոտաներում և փողոցներում տնկել են գազադիմացկուն ծառատեսակներ, որոնք զգալիորեն կմեղմեն տրանսպորտային միջոցների արտանետած վնասակար նյութերի ազդեցությունը։

Երևանի նոր գլխավոր հատակագծով մինչև 2020-ը նախատեսվում Է 1300 հա-ով ավելացնել կանաչ տարածքները։ Մշակվել են առաջիկա 15 տարվա կանաչապատման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր։

Երևանի տարբեր հատվածներում կան 41 զբոսայգի և պուրակ (2012)։ 2010 թվականի հոկտեմբերին ավարտվել Է Սիրահարների այգու (նախկին Ալեքսանդր Պուշկինի անվան) վերակառուցումը, որն ունի արհեստական լճակներ ու ջրվեժներ, քարե հորինվածքներ ու արձաններ, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն։

Երևանի մթնոլորտային օդի որակի վրա ազդող հիմնական գործոններն անշարժ և շարժական (ավտոտրանսպորտ) աղտոտման աղբյուրների արտանետումներն են։

Մայրաքաղաքի օդային ավազանում գերակշռում են 4 վնասակար նյութեր՝ փոշի, ազոտի և ածխածնի օքսիդներ, ծծմբային անհիդրիդ։ Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» տվյալների՝ 2006 թվականին Երևանում փոշու տարեկան միջին կոնցենտրացիան թույլատրելի շեմը գերազանցել Է 2,3, ծծմբի երկօքսիդինը՝ 1,8, ազոտի երկօքսիդինը՝ 1,2, գետնամերձ օզոնինը՝ 1,9 անգամ։

Երևանի մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեն հատկապես «Երևանի ՋԷԿ», «Մաքուր Երկաթ», «Գաջի», «Ասֆալտագործ», «Նաիրիտ» գործարանները։ Վնասակար արտանետումների ծավալները նվազեցնելու նպատակով 2002թվականից արգելվել է կապար պարունակող բենզին ներկրելը մայրաքաղաք, 2006 թվականի հունվարի 1-ից՝ առանց չեզոքարարների մեքենաներ, 2006-2009 թվականներին իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների նվազեցման ծրագիր և այլն։ 2005 թվականից ՀՀ-ում ուժի մեջ Է մտել նաև Կիոտոյի արձանագրությունը, որով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետման չափաքանակները։ Այդ արձանագրության շրջանակներում քաղաքապետարանը և ճապոնական «Շիմիձու» կորպորացիան համատեղ մշակել են Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և էներգիայի արտադրության նախագիծ, որը հնարավորություն կտա 16 տարում նվազեցնել աղբավայրից մեթանի մոտ 100 հզ. տ արտանետումը մթնոլորտ։ 2005-2008 թվականներին իրականացվել Է նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման ծրագիր։

Քաղաքային իշխանություն

 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երևանն ստացել է մարզի (Երևանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշանև օրհներգ։ Տեղական ինքնակառավարումը Երևանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին և քաղաքապետը։

Երևանի խորհրդանիշները

Երևանի խորհրդանիշ հանդիսացող զինանշանը, դրոշը և հիմնը ընդունվել են Երևանի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի որոշումներով։

  • Երևանի զինանշանի հեղինակը Ալբերտ Սոխիկյանն է։ Այն իրենից ներկայացնում է կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված «ԵՐԵՎԱՆ», պատվանդանին կանգնած՝ գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծ։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝Հավերժության հայկական նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով, զինանշանի համար գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։
  • Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը։ Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է։ Դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ՝ որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ։ Կենտրոնում Երևանի զինանշանն է՝ շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։ ՀՀ պետական դրոշի գույները (կապույտ, կարմիր, նարնջագույն) ընդգծում են դրոշի մայրաքաղաքային նշանակությունը։
  • Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշմամբ սահմանվել է Երևանի օրհներգը, դա «Էրեբունի-Երևան» երգն է, խոսքերի հեղինակը Պարույր Սևակն է, երաժշտությանը՝ Էդգար Հովհաննիսյանը։

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր

Ավագանի և քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից:

Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով։ Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից։

Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ։

Քաղաքապետ է ընտրվում ավագանու ձայների 50%-ից ավելին ստացած կուսակցության ցուցակի 1-ին համարի անձը։ Եթե նա հրաժարվում է (2008) կամ տարբեր պատճառներով չի համապատասխանում քաղաքապետին ներկայացվող պահանջներին, ապա քաղաքապետին ընտրում է ավագանին՝ գաղտնի քվեարկությամբ։ 2011 թվականից Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյաննէ։

Վարչական շրջաններ

Yerevan's districts-hy.svg

Երևանը ժամանակի ընթացքում ընդարձակվել և ներառել է Նորքը (1830 թվականից), այնուհետև՝ Քանաքեռ, Ավան, Շոռբուլաղ, Վերին Ջրաշեն, Նուբարաշեն, Նոր Արեշ, Խարբերդ, Նորագավիթ, Չարբախ, Հաղթանակ, Դավիթաշեն գյուղերը[13]։ Ներկայումս Երևանի վարչական սահմանները սահմանված են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» (1995) օրենքով և արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.

Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք,Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։

Շրջան Բնակչություն (2011) Տարածք (կմ²)
Աջափնյակ
108 282
25
Արաբկիր
117 704
12,35
Ավան
53 231
8,37
Դավթաշեն
42 380
6,71
Էրեբունի
123 092
48,41
Քանաքեռ-Զեյթուն
73 886
8,10
Կենտրոն
125 453
14,20
Մալաթիա-Սեբաստիա
132 900
25,80
Նորք-Մարաշ
12 049
4,60
Նոր Նորք
126 065
14,47
Նուբարաշեն
9 561
18,11
Շենգավիթ
135 535
40,50

Քրիստոնեություն

Սուրբ Սարգիս

Երևանի բնակչությունը կազմում է մեկ միլիոնից ավելի մարդ, որոնց բացարձակ մեծամասնությունը էթնիկ հայեր են։Խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ, հայ քրիստոնյաների և եկեղեցու կապը փոքր ինչ խզվեց, մեծամասամբ այն կրեց ծածուկ բնույթ։ Երբ 1991 թվականին Հայաստանը անկախ հռչակվեց հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու կապը կրկին ամրապնդվեց։ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց 8 հոգևոր թեմերի, և ՀՀ 10 մարզերից միայն Վայոց Ձորը մտավ Սյունիքի, իսկ Լոռին ու Տավուշը՝ Գուգարքի մեջ։ Մնացած դեպքերում պահպանվեց մարզ-թեմ սկզբունքը։ Երևանը մտավ Արարատյան հայրապետական թեմի մեջ։ Հայ առաքելական եկեղեցին առանձին ուղղություն է, որի կենտոնը Սուրբ Էջմիածնի վանքն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)[60]) է։ Հայ առաքելական եկեղեցու այժմյան առաջնորդը Գարեգին Բ կաթողիկոսն է։

  • Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Երևանի երբեմնի բերդի դիմաց, Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։

Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։ Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։ Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թվականներին։ Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, որպես առաջնորդանիստ եկեղեցի, այն Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց, կառուցվեց արևմտյան շքամուտքը, փայտե դուռը։ Շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործների ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինինախաձեռնությամբ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում։ Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ 1997 թվականին, Սբ. Աստվածածնի ավետման տոնակատարության օրը՝ ապրիլի 7-ին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սբ. Տրդատ թագավորի և Սբ. Աշխենթագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000 թվականին Գարեգին Երկրորդը բերել էրՆեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։ Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ։ Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում։

Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 մ² է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը։ Երևանի մայր եկեղեցին կառուցվել է ճանաչված բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների ու նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների կողմից։

Սուրբ Զորավոր Աստվածածին

  • Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է։ Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը։

Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր։ Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։ Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից և պարսպապատել։ Այստեղ հիմնվել է անապատ և վանական դպրոց։ Վանքը կառուցվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել. 1679 թվականի երկրաշարժի ժամանակ կործանվել է։

Այժմյան Սբ. Զորավոր եկեղեցին կառուցվել է նույն տեղում՝ 1693 թվականին՝ Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ։ 1793 թվականի արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից՝ Ղուկաս կաթողիկոսի օրոք։ Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին և սկսել է գործել։ Մայր Աթոռի հովանավորությամբ 1974-1978 թվականներին եկեղեցին հիմնանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, երգչախմբի համար կառուցվել է վերնատուն ու երիցատան նոր շենք։ Նորոգվել է նաև Սուրբ Անանիայի մատուռը։

Սուրբ Գևորգ

  • Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Նորագավիթ գյուղում։ Հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր եկեղեցուն։ Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է՝ կամարակապ արևմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով։ Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից։ Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են։

Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, իսկ 1981-1984 թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է։ Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան։ Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը։ Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը։

Նորքի Սուրբ Աստվածածին

  • Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Նորք թաղամասում։ Նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին։ Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ։ 20-րդ դարի սկզբին եկեղեցին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով։ Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև այլ բնակավայրերից։

Հայաստանի անկախացումից հետո՝ 1990 թվականի ապրիլից, Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը։ Վերանորոգված եկեղեցին գործում է 1995թվականից։

Սուրբ Երրորդություն

  • Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Եկեղեցու շինարարությունն սկսվել է2001 թվականի մարտին։ Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։

2004 թվականի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կատարվել է Ս. Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը։ Սա համայնքի՝ թվով երրորդ եկեղեցին է, Եռաբլուրի Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցուց ևՄալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց հետո։

Երևանի Կապույտ մզկիթը

Պարսկական իշխանության հայտնվելու հետ մեկտեղ Երևանում ստվարանում են թուրքմենական սակավամարդ թաղամասերը։1725 թվականին, երբ օսմանցի թուրքերը գրավել էին Երևանը, Ռեջեբ փաշան կառուցում է Երևանի բերդի առաջին մզկիթը։Երևանի նահանգի կազմավորումից տարիներ անց թուրքական մզկիթը երևանաբնակ ռուսների աղոթատեղի է դարձել՝ վերածվելով ռուսական եկեղեցու՝ սուրբ Նիկոլաևյան։ Խորհրդային իշխանության ժամանակ այն քանդվել է և փոխարենը տեղադրվել է Ստեփան Շահումյանի արձանը։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ 1800-ական թվականներին, և կոչվել Խանի մզկիթ։ Բերդից դուրս կառուցվել են նաև այլ՝ թվով 6 մզկիթներ, որոնցից կանգուն է մնացել Թափաբաշի մզկիթը Կոնդում։ Մզկիթները, ինչպես նաև Երևանի բերդը ու հայկական մի քանի եկեղեցիներ, քանդվել են խորհրդային իշխանության տարիներին։

Կովկասում ամենամեծ մզկիթը՝ Կապույտ մզկիթը, Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի։ Թանգարան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիներ։

Համալիրը բաղկացած է երկու մզկիթից՝ մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը։ Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով։ Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը։ Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը։ Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում։ Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված։

Հուդայականություն

Մորդեխայ Նավի սինագոգը

Վարկած կա, որ հրեաները հայտնվել են Հայաստանի տարածքում Նաբուգոդոնոսոր II-րդ արքայի կողմից մ.թ.ա. 586 թվականինԵրուսաղեմի նվաճումից հետո։ Տիգրան Մեծի և Արտավազդ թագավորների կողմից մ.թ.ա. առաջին դարում հրեաների խմբերըՊաղեստինից վերաբնակվեցին Հայաստանում։ Չնայած դրան մ. թ. 4-րդ դարում պարսկական զորքերի կողմից Հայաստանի ավերումից հետո հրեաների մեծ մասը գերի ընկավ։ Հրեաների առանձին խմբեր ապրում էին Հայաստանում մինչև 13-14-րդ դարեր։ Այսպես կոչված «Տիգրանյան» հրեաների սերունդներ են համարվում զոկիները՝ հրեաների սուբէթնիկական մի խումբ, որն ապրում է Կապանի շրջանում։

1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքը միացվեց Ռուսական կայսրությանը, որից հետո Հայաստանի տարածքում բնակեցվեցին վրացի և աշկենազ հրեաներ, ինչպես նաև սուբբոտիկներ՝ ռուս գյուղացիներ, ովքեր ընդունել էին հուդայականություն և արտաքսվել կայսրության նոր ծայրամասը։ Մինչև 1970 թվականը հրեական բնակչությունը Հայաստանում կազմում էր մոտ 1048 մարդ։ 1980-ականների վերջին նրանց թիվը (ներառյալ նաև սուբբոտիկներին) կազմում էր շուրջ 500 մարդ։

1990-ական թվականներին հրեաների մեծ մասը՝ շուրջ 1800 մարդ, արտագաղթեց։ Ներկա պահին Հայաստանում հաշվվում է շուրջ 700 հրեա։ Չնայած նրան, որ տարեկան մոտ 90-100 մարդ էր արտագաղթում, համայնքը չի փոքրացել։ Հանրապետության հիմնական հրեական կազմակերպությունը Երևանում գործող Հայաստանի հրեական համայնքն է՝ գրանցված Արդարադատության նախարարությունում 1991 թվականին։ 1996 թվականից նախագահն է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։ Սինագոգը վերաբացվել է2011 թվականին (մինչև այդ 10 տարի չէր գործում)։

Մշակույթ

Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունըև այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։

Թանգարաններ և գրադարաններ

Հայաստանի պատմության թանգարանը և պատկերասրահը

հնագույն ձեռագրերի պահոցՄատենադարան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

տուն Աջափնյակում

Երևանում են Հայաստանում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլն։

  • Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։
  • Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազում փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։
  • Երևան քաղաքի պատմության թանգարանը (ԵՔՊԹ) հիմնադրվել է 1931 թվականին։ Թանգարանում պահվում են շուրջ 88 հզ. հնագիտական, ազգագրական և այլ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի՝ Երևանի 2793-ամյա պատմությունը, նյութական և հոգևոր մշակույթը՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ՝ մ. թ. ա. 8-րդ դարից։ Թանգարանում են պահվում Երևանի խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան՝ Հայոց մայրաքաղաքների անվանատառերով։
  • Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։ Կազմավորվել է Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա։ Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու՝ ամբողջացնելով Հայաստանի՝ նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը։
  • Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հիմնվել է 1921 թվականին, սակայն սևտուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978 թվականին բարձրացել է ութհարկանի մասնաշենքը։ Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը։
  • 2002 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»՝ ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատվածԿասկադի տարածքը։ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։

Երևանում ստեղծվել է գրադարանների, թանգարանների լայն ցանց։ Ներկայումս (2012) ՀՀ-ում գործող 986 գրադարանից 34-ը Երևանում են։ Դրանք են՝ Ազգային գրադարանը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը և այլն։

  • ՀՀ հանրային գրադարանը ստեղծվել է 1832 թվականին Երևանի գավառական դպրոցի գրադարանի ֆոնդի բազայի հիման վրա։1939-1958 թվականներին Հանրային գրադարանին է հանձնվել նաև Էջմիածնի մայր տաճարի Մատենադարանը։ Ալեքսանդր Թամանյանը, համադրելով միջնադարյան հայկական գրատների և աշխարհի տարբեր գրադարանների նախագծերը, ստեղծեց Հանրային գրադարանի նոր շենքի նախագիծը։ 1925-1990 թվականներին գրադարանին շնորհվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, ով խոշոր դեր է կատարել գրադարանի լիարժեք կայացման գործում։ 1990 թվականին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո, գրադարանը կոչվել է «Հայաստանի Հանրապետության գրադարան», ապա՝ «Հայաստանի ազգային գրադարան», որն այսօր ունի 6,6 միլիոն միավոր գիրք և համարվում է ՀՀ գլխավոր գրադարանը։
  • 1935 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղին (ԱրմՖԱՆ) կից հիմնադրվել է Կենտրոնական գրադարանը։ 1943 թվականին Կենտրոնական գրադարանը գործել է որպես ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության ինքնուրույն ակադեմիական հաստատություն՝ հիմնարար գիտական գրադարանով։ 1944 թվականի նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը որոշում է ընդունել վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ գրադարան։ Գրադարանի ընդհանուր միավորների քանակը շուրջ 3 միլիոն է՝ բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ գրականություն։ Գրքային այս ողջ հարստությունը լայնորեն ի սպաս է դրված գրադարանի 16200 ընթերցողներին աբոնեմենտի ծառայության և 5 մասնագիտացված ընթերցասրահների միջոցով։
Загрузка карты
View
Нормальный Midnight Family Fest Open dark Riverside Ozan
My Location Fullscreen